ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:
«Արմմոնո Plus»-ն այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները ներկայացնում են իրենց աշխատանքները:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում. Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):
Բացի այդ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան (Մ. Մակդոնախ` «Բարձ Մարդը»), Թեհմինե Խաչատրյան (Հ․ Թեքգյոզյան` «Մատնահետք»), Ծովինար Մարտիրոյսան (Չ. Այթմաթով` «Կառափնարան»), Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան (Ֆ. Դոստոևսկի` «Խեղճ մարդիկ»):
«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կանցկացվեն «Լոֆտում» (դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ` «Ձայնը՝ աշխատանքային գործիք» թեմայով, պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ` «Շարժումը բեմում» թեմայով, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ` «Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները» թեմայով, դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ` «Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները» թեմայով, սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ` «Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում» թեմայով):
Հիշեցնենք, որ «Արմմոնո Plus»-ը, ընդլայնելով աշխարհագրությունը, հոկտեմբերի 19-22-ը անցկացվել է Տավուշում: Մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում, ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը: