«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցուցակը՝ դրանում ներառելով նաև այն գյուղական համայնքների ղեկավարներին, որտեղ բնակչությունը 15 հազարից պակաս է: Ընդդիմադիր խմբակցության մշակած նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նշել է, որ 502 համայնքապետներից և տեղակալներից եկամուտները հայտարարագրում են միայն 19-ը, իսկ փոփոխությամբ առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից այդ պահանջը պարտադիր դարձնել ևս 483 պաշտոնյայի համար։ Կառավարությունը, մինչդեռ, առաջարկել է օրենքն անփոփոխ թողնել, քանի դեռ չի ձևավորվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, սակայն, կողմ է քվեարկել «Լուսավոր Հայաստանի» առաջարկին, ու հարցն ընդգրկվել է լիագումար նիստի օրակարգ։