ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը առանձին տաղավարով մասնակցում է այս օրերին անցկացվող Շարժայի միջազգային գրքի ամենամյա տոնավաճառին:
Գրադարանի առաջնորդությամբ Հայաստանի պատվիրակության կազմում են՝ «Էդիտ պրինտ» հրատարակչությունը, GSM ստուդիան և «IBBY Հայաստան» մշակութային ՀԿ-ն:
Տոնավաճառի շրջանակում ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպել է «Կալիմաթ գրուպի»՝ ԱՄԷ մանկապատանեկան լավագույն հրատարակչության ներկայացուցիչ, հիմնադրամի մենեջեր Ամնա Ջումայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզվով թարգմանելու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախապես պայմանավորվել են ստեղծելու հայերեն - արաբերեն երկլեզվյան գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:
Hamzat Wassl արաբական օրաթերթին և Год литературы ռուսական կայքին տված մեր պատվիրակության հարցազրույցներում կարևորվել է խոշոր տոնավաճառներին Հայաստանի մասնակցությունը, քանի որ նրանք ոչ միայն լավ հարթակ են հայ գիրքը տեղի հայ համայնքին ցույց տալու, այլև հնարավորություն՝ մեր մշակույթը ներկայացնելու օտարազգի գրքոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով մշակութային երկխոսության և հեռանկարային համագործակցության նախադրյալներ:
Հիշեցնենք, որ տոնավաճառը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 9-ը: