Նոյեմբերի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը:
ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը նշել է, որ երկօրյա այցի հիմնական նպատակն է գնահատել Երևանի՝ 2021-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները:
Հայաստանի կողմից միջոցառումը հյուրընկալելու մտադրության մասին փոխվարչապետը հայտնել էր դեռևս այս տարվա մայիսին՝ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո աշխատանքային այցի շրջանակում ՎԶԵԲ նախագահի հետ զրույցի, ինչպես նաև փոխնախագահների և այլ ղեկավար անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում։
ՎԶԵԲ տարեկան ժողովները մի հարկի տակ են հավաքում երկրների պատվիրակությունների, հյուրերի և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու կառույցի ինստիտուցիոնալ հարցեր: Տեղի է ունենում նաև գործարար համաժողով և հյուրընկալող երկրին վերաբերող ներդրումային հատուկ նիստ։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թ. և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թ. ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու համար: