ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 717 մլն ՀՀ դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574 մլն ՀՀ դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145 մլն ՀՀ դրամով, օտարվել են Ն. Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:
Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի 29.12.2003 թ. վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ պայմանագիր կնքելու դիտավորությամբ, ընկերության տնօրենի կողմից երաշխավորած անձի հետ, իբրև անկախ գնահատողի, կնքել է գնահատման պայմանագիր: Դրանով, անտեսելով գույքի հաշվեկշռային արժեքները և պատշաճ կերպով չձեռնարկելով գույքի շուկայական գինը որոշելու համար անհրաժեշտ միջոցներ, առանց որևէ հիմնավորման ԲԲԸ-ի ամբողջ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.3 մլն ՀՀ դրամ, և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում՝ սնանկության կառավարիչը, հիմք ընդունելով նշված կեղծ փաստաթուղթը, սկսել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթացը: Այդ ընթացքում Ն. Ա.-ն իր մտերիմի անվամբ հիմնադրել է մի ՍՊԸ և գործարար Ա. Ք.-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ողջ գույքը 1.5 մլն ԱՄՆ դոլարով վերջինիս վաճառելու մասին։
15.05.2004 թ., լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի ամբողջ գույքը՝ 121.3 մլն դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից՝ այդ նորաստեղծ ՍՊԸ-ն, որը 2004 թ. մայիսին արդեն ընդգրկվել է վերոնշյալ գործարարին պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում: Իսկ Ն. Ա.-ն վերը նշված մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը: Այս ամենի արդյունքում փաստացի անտեսվել և խախտվել են նաև ՓԲԸ-ի բաժնետոմսերի մյուս 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները:
Խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 192-րդ հոդվածի 1-ին մասի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: