Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե՛ սպառողների, թե՛ միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկն այն է, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից/ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերը:
Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաև կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն և կայուն եկամուտ:
Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում:
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված կին և տղամարդ ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
Միջոցառմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալությունից, Սյունիքի մարզպետարանից և այլն: