«Կանգնեցնել Թրամփին»՝ այս կարգախոսով է միլիարդատեր գործարար Մայքլ Բլումբերգը որոշել իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: 2020 թվականի մարտին նա կմասնակցի Ալաբամա նահանգի նախնական ընտրություններին։
77-ամյա Բլումբերգը 2002-2013 թվականներին եղել է Նյու Յորքի քաղաքապետը։ Նա համարվում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը։ Forbes ամսագրի վերջին գնահատականների համաձայն՝ նրա կարողությունը գերազանցում է 52 մլրդ դոլարը, ինչը 17 անգամ ավելի է Թրամփի կարողությունից։
Սկզբում Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության անդամ էր, 2001 թվականին Նյու Յորքի քաղաքապետ է առաջադրվել որպես հանրապետական։ 2009-ին երրորդ ժամկետի համար է ներկայացել է որպես անկախ քաղաքական գործիչ։
Անցյալ տարվա հոկտեմբերին նորից համալրել է Դեմոկրատական կուսակցության շարքերը։ Ըստ The New York Times պարբերականի, Բլումբերգին այդ քայլին է դրդել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ լուրջ մրցակցությունը:
Դեռևս փետրվարին նա հայտարարել էր, որ պատրաստ է 500 մլն դոլար ծախսելու 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմ պայքարի համար: Նյու Յորքի նախկին քաղաքապետը մտավախություն ունի, որ Դեմոկրատական կուսակցության ներկա թեկնածուները չեն կարողանա հաղթել Դոնալդ Թրամփին:
Ներկայում 17 դեմոկրատական թեկնածուն է պատրաստվում պայքարել նախագահ Թրամփի դեմ: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մասաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը առաջատարներն են: Ի դեպ, Բլումբերգն ուժեղ մրցակից է համարվում նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար։
Հանրապետական կուսակցությունից առայժմ երեքն են հայտարարել, որ մարտահրավեր են նետելու Թրամփին կուսակցության առաջնային մրցույթում: