ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գոռ Գևորգյանը հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանը։
Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ համերաշխ ապրում են կողք կողքի և, ըստ նրա, հայ-իրանական կապերը միշտ պետք է լինեն բարձր մակարդակի վրա։ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը եղել է Հայաստանի կողքին՝ աջակցություն ցուցաբերելով էներգետիկայի և մի շարք այլ բնագավառներում։
Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները պետք է առավել խորացնել, ընդլայնել տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակը: Կարևոր է համարվել միջխորհրդարանական կապերի զարգացումը, խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։ Այս համատեքստում հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին։ Շեշտադրվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կաևորությունը։