Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պեկինում հանդիպել է չինական Bank of China բանկի նախագահ Լիու Լիանգի հետ: Bank of China-ն ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, դրանց թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները: Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայրը, պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:
Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը, ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և Bank of China բանկի Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում կողմերը ցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով: