ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի տնօրենը հաղորդում է տվել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող թիվ 116-րդ մանկապարտեզ և հափշտակել ջերմաչափեր, ներարկիչներ, դեղահաբեր՝ հիշյալ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Թիվ 116 մանկապարտեզը ճանաչվել է տուժող:
Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրանց թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973թ-ին:
Քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 1973թ. ծնված տղամարդը, զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ և ապօրինի կերպով մուտք է գործել մանկապարտեզի վարչական շենք, բուժկետից հափշտակել ջերմաչափեր, դեղահաբեր, որից հետո կրկին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է հաշվապահի աշխատասենյակի մուտքի դուռը՝ փնտրելով արժեքավոր իրեր, սակայն լսելով գիշերային պահակի բղավոցները՝ դիմել է փախուստի:
Երևանի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։