ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից:
Բանն այն է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել:
Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, մեծ մասամբ, հրաժարվել են բնակվել այդ բնակարաններում, իսկ շատերն էլ փորձում են քողարկել դրանցում բնակության փաստը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000 հազար դրամ։
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:
Բացի այդ, որոշման համաձայն, ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, որովհետև մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում. մեծ մասը չունի համապատասխան կրթություն և հմտություններ: Այս խմբի համար առավել նպատակահարմար է իրականացնել զբաղվածության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահառուները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույն ապահովել իրենք զբաղվածությունը: