Աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալությունում (SIDA) մասնակցել է «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. ինչպե՞ս հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկմանը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության և Կայուն զարգացման շրջանակներում համագործակցությանը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ գործընթացում առանձնահատուկ կարևորել է բարեփոխման նկատմամբ պետության, կառավարության սեփականության զգացումը և յուրաքանչյուր երկրի ու կառավարության կողմից այդ օրակարգն առաջ մղելու կառուցողական կամքի դրսևորումը։ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը Կայուն զարգացման նպատակները և Արևելյան գործընկերությունը դիտարկում է որպես միջազգային համագործակցության կարևոր շրջանակ՝ այն լավագույնս օգտագործելով ազգային օրակարգը խթանելու, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ու զարգացումն առաջ մղելու համար:
«Նյու Յորքում բազում հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Արդյո՞ք այն հանդիսանում է մեր իսկ կողմից ստանձնած հանձնառությունների առաջնահերթությունների առանցքը: Ո՛չ: Սա քաղաքականության շրջանակ է, որ օգնում է մեզ հարստացնել համաշխարհային համագործակցության գործիք հանդիսացող մեր տեսլականը և մոտեցումները՝ բարեփոխումների մեր ազգային օրակարգն առաջ տանելու համար: Սակայն այս առումով առանցքային գաղափարը պետության, նրա կառավարության և ժողովրդի կողմից սեփականության զգացումն է: Բարեփոխումների օրակարգը չի պատկանում ՄԱԿ-ին, Արևելյան գործընկերությանը, ԵՄ-ին: Այն պատկանում է պետությանը՝ կոնկրետ պետությանը: Կայուն զարգացման նպատակները չափազանց օգտակար քաղաքական շրջանակ են, որում յուրաքանչյուր կառավարություն, մեր պարագայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, խթանում է իր կարողությունները՝ համապատասխանեցնելու այս քաղաքականության շրջանակը, այս քաղաքականության առաջնահերթությունները մեր բարեփոխումների օրակարգին: Դա մեր կարողությունն է միջազգային համագործակցությունն օգտագործել մեր ներքին օրակարգը, ներքին բարեփոխումները խթանելու համար»:
Անդրադարձ կատարելով ներկայիս կառավարության կողմից հանրության շրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրված ջանքերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ իրականացնել ինստիտուցիոնալ կառույցների կարողության շնորհիվ, որը կապված է նաև Կայուն Զարգացման 16-րդ նպատակի, ԱլԳ առաջնահերթությունների և իրավունքի գերակայության հետ:
«Ուղերձը շատ պարզ էր. այս փուլում՝ հեղափոխությունից անմիջապես հետո, անդրադառնալ ամենաառանցքային և դժվար հարցերին, որի ուղղությամբ հստակ արդյունքների արձանագրումը հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ: Մենք շատ լավ գիտենք, որ դա բավարար չէ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ամբողջ խնդիրը վերաբերում է ինստիտուտների կայացմանը՝ հասցեագրելու այն հարցերը, որոնք վերաբերում են իրավունքի գերակայությանը և արդյունավետ կառավարմանը։ Այսպիսով, սրանք այն հաստատություններն են, որոնց մենք առավելագույնս ենք ուշադրություն դարձնում։ Հաստատություններ, որոնք երաշխավորում են իրավունքի գերակայությունը և արդյունավետ կառավարումը, և որոնք ունակ են դիմանալու ցնցումներին»։