ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով, Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։
Հայաստանի մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև գործընկերության հաստատման ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը՝ նպատակ ունենալով ապահովել երաժշտական նախնական մասնագիտական կրթության ոլորտի բնականոն գործունեությունը, մշակութային կրթության համաչափ տարածքային զարգացումը և երաժշտամանկավարժական առաջավոր փորձի տարածումը։
Ծրագրի առաջին շրջափուլը կայացել է 2019 թ. հունիսին, որի ընթացքում ՀՀ մարզերի և Երևանի 20 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտներ համերգային ծրագրերով հանդես են եկել քույր դպրոցներում, ծանոթացել մայրաքաղաքի ու մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրերին, իսկ մանկավարժների համար ստեղծվել են շարունակական համագործակցության և փորձի փոխանակման նոր հարթակներ: