Նոյեմբերի 5-ից 10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսին միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160 տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։
CIIE ցուցահանդեսն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում՝ հայտնում են Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
CIIE ցուցահանդեսը 2018-ին ունեցել է 2,462 գրանցված գնորդ և 82 երկրներից ժամանած 1,178 մասնակից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ 2019-ին ցուցահանդեսին մասնակցում է 170 երկրների 3,893 ձեռնարկատեր, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։