ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ից 30 տոկոսով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։
Խոսքը նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, դաստիարակների, մեթոդիստ համակարգողների, էրգոթերապիստների, խմբավարների (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժների (նրանց թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանների (նրանց թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհիների, դայակների, հոգեբույժների, բուժքույրերի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետների մասին է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մշակելիս հաշվի է առնվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների և մասնագետների պակասը, ինչպես նաև՝ տարվող աշխատանքների հետ կապված առանձնահատկությունները:
Կարևորվել է նաև այն, որ աշխատավարձերի անհրապույր լինելը կարող է ռիսկի ենթարկել ծառայությունների առկայությունը, հետևաբար՝ հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: