Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ: Այս տարվա ԿԳՄՍ նախարարության հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում, 8 դպրոցներում, կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։
«Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:
-
Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոցի» ուսումնական մասնաշենքի կառուցման համար կհատկացվի 70 մլն 520 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել ներքին ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության, կաթսայատան կառուցման, բետոնե եզրաքարերի և մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ,
-
Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի» կաթսայատան վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 12 մլն 331 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 220 կիլովատտ/ժամ հզորությամբ 2 ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, պոմպերի և օժանդակ այլ սարքավորումներ,
-
«Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի» առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 27 մլն 817 հազար դրամ: Նախատեսվում է 570.4 քմ ցինկապատ թիթեղի, տեղադրում և մարզադահլիճի վերանորոգում,
-
«Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» տանիքի վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի 33 մլն 985 հազար դրամ: Նախատեսվում է կառուցել 2017.83 քմ հարթ տանիք և 867 քմ ցինկապատ թիթեղ,
-
Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման համար կհատկացվի 22 մլն 85 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 302.8 քմ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտ, մետաղապլաստե դռներ, հարդարել պատերը, առաստաղն ու հանդերձարանները, վերանորոգել սանհանգույցները,
-
Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 2 մլն 802 հազար դրամ: Նախատեսվում է երկրորդ հարկի պատերի, առաստաղների հարդարում, դռների և տանիքի նորոգում,
-
Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 6 մլն 871 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել 4.87 խմ տանիքի կոնստրուկցիաների տեղադրում և հակահրդեհային պաշտպանություն, 358 քմ ցինկապատ թիթեղապատում, 40 մ ջրհորդանի կառուցում և հարդարման այլ աշխատանքներ,
-
Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցին վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար կհատկացվի 7 մլն 602 հազար դրամ: Դպրոցին ամրացված 3602.3 քմ շենք-շինությունները ունեն հրատապ վերանորոգման կարիք: Նախագծի մշակումից և սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ պետբյուջեի պահուստային ֆոնդից Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է «Ուսուցչի օրվա» շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև՝ լուծել ընթացիկ մի շարք հարցեր: