Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի աջակցությամբ Հայաստանում Վրաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն, Վրաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Լևոն Թաքթաքիշվիլին, Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Լիտվայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիբանանի, Հնդկաստանի դեսպանները, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հյուրընկալողներին, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի հաղորդակից լինել Վրաստանի մշակույթին:
Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և պետք է խորացնեն համագործակցությունը: Նա հատկապես կարևորել է հումանիտար գիտությունների զարգացման առանցքային կենտրոններ հանդիսացող Մատենադարանի և ԵՊՀ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Այսօր Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Մատենադարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր: