ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացել էին հարցեր՝ կապված թարմ մսի
սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի տրամադրման, այն որպես ուղեկցող փաստաթուղթ գործնականում շրջանառելու հետ: Նշում էին, որ դա իրենցից պահանջելու է լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, որ իրացման ցանցում հնարավոր են պիտակի կեղծումներ և այլն:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նախ ներկայացրել է ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի առավելությունները. այն նպաստելու է հենց արտադրողների միջև հավասար մրցակցության ապահովմանը և ավելի է հեշտացնելու վերահսկողության հետագծելիությունը: «Այն ռեսուրսները, որ դուք տրամադրելու եք ձև 5 անասնաբուժական փաստաթղթով գործունեություն ծավալելու համար, չնչին է, համեմատած այն օգուտի հետ, որն ունենալու է պետությունը, սպառողը և հենց դուք՝ սննդամթերքի անվտանգության ու վերահսկելիության տեսանկյունից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաև հավաստիացրել է, որ անասնաբուժական այս փաստաթղթի կեղծումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է շատ խիստ, կտրուկ և դրանով, արդյունքում, զբաղվելու են իրավապահ մարմինները:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձև 5-ը
տնտեսավարողը, մասնավորապես՝ սպանդանոցը, հնարավորություն ունի տեսչական մարմնից ստանալ էլեկտրոնային եղանակով, ինքնուրույն լրացնել և տրամադրել իրացման ցանցին՝ արագ, թափանցիկ, առանց լրացուցիչ ծախսերի՝ ապահովելով պետական, հանրային և տնտեսավարողի հսկողությունը:
Հիշեցնենք, որ թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը և համոզվել, որ տվյալ մսի խմբաքանակն անվտանգ է, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա իսկությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մթերքի մասին ամբողջ տեղեկատվությունը: