Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրով ստանձնած պարտավորությունները կրճատելով Իրանը չի խախտում չտարածման մասին պայմանագիրը: ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Թեհրանի բոլոր քայլերը: Արտգործնախարարի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմակայելու ԵՄ-ի անկարողությունն է ստիպում Թեհրանին հրաժարվել միջուկային գործարքի իրականացման պարտավորությունից:
Լավրովը, միաժամանակ, անօրինական է համարել Սիրիայի հյուսիսում նավթի հանքավայրերը վերահսկելուն ուղղված ԱՄՆ գործողությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան չի համագործակցի Միացյալ Նահանգների հետ Սիրիայում անվտանգ նավթի արդյունահանման հարցի շուրջ: