Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են անհատական մեդալների:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների շարքում ցույց է տվել երկրորդ արդյունքը և դարձել արծաթե մեդալակիր։ Նա հետ է մնացել միայն ռուս շախմատիստ Դմիտրի Անդրեյկինից:
Հայաստանի կանանց հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալի է արժանացել 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների շարքում: Աննան 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր: Ընդհանուր հաշվարկով մեր շախմատիստը զիջել էր միայն շվեդուհի Պիա Կրամլինգին, որը 9 պարտիա էր անցկացրել և վաստակել 8 միավոր։
Աննա Սարգսյանը երրորդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և երկրորդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ, իսկ կանանց հավաքականը՝ 7-րդ տեղը: