Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն, հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:
Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն):
Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել: