Մինչ Սպիտակ տունը պնդում Է, թե ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում Իրանին և ստիպում են նրա ղեկավարությանը կրճատել ծախսերը, Թեհրանը հայտարարում Է միջուկային գործարքով պարտավորությունների հերթական կրճատման մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ֆորդոյի օբյեկտում ցենտրիֆուգների օգտագործումով, ինչն արգելված Է միջուկային գործարքով, Իրանը սկսում է իրագործել միջուկային պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը: Միաժամանակ Թեհրանը պնդում է, որ այդ մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված նամակում՝ տեղեկացնում է parstoday-ը:
Արևմուտքն արձագանքել է Իրանի քայլին: Վաշինգտոնը սպառնացել է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ՝ Թեհրանի որոշումը համարելով «սխալ ուղղությամբ կատարված մեծ քայլ»: Իրանական կողմը նկատել է, որ ավելի քան մեկուկես տարի է՝ ԱՄՆ-ն ամենախիստ բանկային և նավթային պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ, սակայն չի կարողանում ստիպել Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իրանի վերջին քայլի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել Եվրամիությունը, որին ԱՄՆ-ն մեղադրում է անգործության մեջ: Բրյուսելը շարունակում է հրաժարվել Թեհրանի նկատմամբ կիրառել խիստ միջոցներ և բավարարվում է կոչերով՝ չկատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: