ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման
հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան, և Հայաստանի Հանրապետության ու
Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինքրոնացումը և ներդաշնակեցումը
պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն:
ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած սոցիալական զանազան ծրագրերով, և այս ջանքերը պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամանակն է տարբերակելու զանազան ինֆորմացիոն մանիպուլյացիաներն իրական գործընթացներից: Նա խոսել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից դիտորդական առաքելություն իրականացվեց, և որոնք, չնայած որոշ ապոկալիպտիկ կանխատեսումների, ճիշտ հակառակը ցույց տվեցին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախում ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է, որ Արցախում եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները ևս պետք է լինեն չափազանց թափանցիկ, ազատ, արդար, մրցակցային, ոչինչ չպետք է ստվերի այս ընտրությունների ժողովրդական բնույթը: «Եվ, ինչպես ասում են, թող հաղթի նա, ով կհավաքի Արցախի ընտրողների առավելագույն ձայները, ու մենք այս հարցում միանշանակ աջակցելու ենք Արցախին և կանգնած ենք արցախցիների կողքին»,- շեշտել է Արարատ Միրզոյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն
հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նշել է, որ սա խմբակցության ձևաչափով
առաջին հանդիպումն է, և Արցախում սպասվող համապետական ընտրություններից առաջ
հայաստանյան քաղաքական ուժերի հետ շփումը կարևոր ու անհրաժեշտ է: Նա համաձայնել է,
որ Արցախում եկող տարի սպասվող համապետական ընտրության արդյունքների վերաբերյալ ոչ
մի կասկած չպետք է լինի: Նա ողջունել է ՀՀ-ի դիտորդական մասնակցությունը՝ շեշտելով, որ
դա առաջին հերթին կարևոր է Արցախի ժողովրդի համար:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի
են, ՀՀ իշխանություններն ունեն անհրաժեշտ կամք և վճռականություն՝ ժողովրդավարական
բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար: «Բոլոր այն ուժերը, որոնք կկանգնեն այս
փոփոխությունների ճանապարհին, կխոչընդոտեն ժողովրդավարական բարեփոխումները և
կփորձեն Հայաստանը հետ քաշել հետադիմության շրջապտույտի մեջ, կխոչընդոտեն
Հայաստանի զարգացումը, վստահ եմ, քաղաքացիների գնահատմամբ՝ կհայտնվեն պատմության
անցքերում, բայց ոչ ներկայում կամ ապագայում»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Արայիկ Հարությունյանը երկրորդել է, որ իրենք ևս շահագրգռված են ինտեգրման նոր
հարթություն տեղափոխվելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցեր: