Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով այս տարվա օգոստոսից մեկնարկել են Ասկերան քաղաքի բազմաբնակարան երեք շենքերի կառուցման աշխատանքները: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանի խոսքով՝ երկու շենքերում ընթանում են պատերի շարվածքի աշխատանքներ, իսկ երրորդում՝ նկուղային հարկի շինաշխատանքներն արդեն ավարտման փուլում են:
«Նորակառույց շենքերը համապատասխանելու են ժամանակակից չափանիշներին և լինելու են սեյսմակայուն: Ընդհանուր լինելու է մոտ 42 բնակարան՝ մեկ, երկու և երեք սենյականոց: Բնակարանների մեծ մասը տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ. անհրաժեշտության դեպքում մի մասն էլ կտրվի բազմազավակ ընտանիքներին: Շենքերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները հետագայում նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցներով և ծրագրերով»,- նշել է Ա. Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է շենքերը շահագործման հանձնել 2020 թվականի աշնանը: