Նոյեմբերի 6-ին Սանտա Մոնիկայում աշխատանքը կսկսի ամենամյա Ամերիկյան կինոշուկան (American Film Market): Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի այդ խոշորագույն կինոշուկային կմասնակցեն նաև ռուսական կինոընկերություններ: «Մարս մեդիա» կինոընկերությունը կներկայացնի «Սուսերով պարը» ֆիլմը: Ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի ֆիլմը հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին է՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա կենսագրական ֆիլմ է Արամ Խաչատրյանի մասին, որը նկարահանվել է ՌԴ-ի և ՀՀ-ի համագործակցությամբ: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է կոմպոզիտորը ընդամենը 8 ժամվա ընթացքում գրել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը: Կինոնկարը վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Սանտա Մոնիկայում մտադիր ենք ավարտին հասցնել բանակցությունները ևս մի քանի երկրների հետ»,- ասել է «Մարս մեդիա» կինոընկերության միջազգային վաճառքի գծով ղեկավար Միլա Ռոզանովան:
2019-ին Սանտա Մոնիկայի կինոշուկային կմասնակցի ավելի քան 7000 անդամ աշխարհի մոտ 70 երկրից: Ի տարբերություն փառատոների, կինոշուկայում քննարկվում են գործարքներն ու պայմանավորվածությունները ոչ միայն պատրաստի արտադրանքի, այլ նաև մշակման և արտադրության տարբեր փուլերում գտնվող ֆիլմերի վերաբերյալ: