ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ
պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամունտների կոմիտեից:
Արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի և
մի ՍՊԸ-ի միջև, որի հիմնադիրը հանդիսանում է ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007 թ. կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին են հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 քմ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը։
Սկսած 2016թ.՝ ՍՊԸ-ն ամսական վարձավճարները չի կատարել, ինչի հետևանքով
2019թ, հունիսի 30-ի դրությամբ առաջացել է 13.5 մլն ՀՀ դրամի պարտավորություն:
Ուսումանսիրությամբ պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքը 2007թ. վարձակալելուց հետո ՍՊԸ-ն նույն տարվանից դրա տարբեր մասերը ավելի բարձր գներով ենթավարձակալության է հանձնել այլ կազմակերպությունների: Տրամադրված յուրաքանչյուր 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճար է սահմանվել ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամից մինչև 700.000 ՀՀ դրամը կամ ընդհանուր 2552 ք/մ մակերեսի դիմաց՝ ամսական առնվազն 1 մլն ՀՀ դրամ: Նշված տարածքները ՍՊԸ-ին ամսական ընդամենը 480.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու
հետևանքով ՓԲԸ-ն, փաստորեն, որպես եկամուտ չի ստացել ամսական առնվազն 500.000 ՀՀ դրամ, որը 12 տարվա համար կազմում է 72 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով՝ ՓԲԸ-ի նշված շենքը և հողամասը ակնհայտ ոչ շահավետ պայմաններով վարձակալության հանձնելով իր կնոջ հիմնադրած ՍՊԸ-ին, վերջինս էլ գույքի մի մասը շուրջ 2 անգամ բարձր գնով
ենթավարձակալության է հանձնել այլ իրավաբանական անձանց:
Բացի այդ՝ 2016թ. սկսած ՍՊԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չվճարելու պայմաններում պետական ՓԲԸ պատասխանատու ծառայողները, ունենալով համապատասխան պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել վարձավճարների
գանձման և պայմանագրի լուծման ուղղությամբ: Այս առերևույթ հանցավոր դրսևորումների հետևանքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի համար առաջացել են ծանր հետևանքներ՝ պատճառվել է ընդհանուր մոտ 85.5մլն դրամի վնաս:
Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում նշված փաստերի առիթվ հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված
հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: