Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը։ Այս մասնագետը հիմնականում հայտնի է կանանց ֆուտբոլում աշխատանքով։ Գրիգորյանի թեկնածության մասին խոսվում էր վերջին 2 շաբաթների ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, նրա նշանակմանը կողմ է միայն ՀՖՖ ներկայիս նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս որոշմանը դեմ են ՀՖՖ-ում, իսկ իսպանացի տեխնիկական տնօրեն, հանրահայտ Խինես Մելենդեսը այս քայլն անընդունելի է համարում։
Վորոնեժի Էներգիայի, Լադայի, Նադեժդայի, Զվեզդայի կանանց թիմերի նախկին գլխավոր մարզիչը ռուսական մարզական մամուլում հիմնականում հայտնվում էր սկանդալային պահվածքի պատճառով։ Վերջինիս գլխավորած վերջին ակումբը եղել է ռուսական «Տամբովը», որտեղից նրան հեռացրել են, երբ թիմը վերջին հորիզոնականում էր։ Գրիգորյանի հեռանալուց հետո «Տամբովը» 2 խաղում էլ հաղթանակ է տոնել ռուսական Պրեմիեր-Լիգայում՝ լքելով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Ըստ տեղեկությունների՝ նրա թեկնածությանը հիմնականում աջակցել են Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն ու «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Բացի այդ, Գրիգորյանի թեկնածությունը կարող է չընդունվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կողմից․ դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի կանանց ֆուտբոլի մասնագետի մարզումներին եվրոպական ամենաբարձրակարգ մասնագետների հետ աշխատած, իտալական «Ռոմայի» աստղ Հենրիխ Մխիթարյանը։