Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը: Մասնավորապես՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: