ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետների հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։
Այս առնչությամբ նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։
Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։
Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։