Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը:
«Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,- ասել է դեսպան Թրեյսին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության` Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը: