Չիլիում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների և ձերբակալվածների թիվը հասնում է 1659-ի, որոնցից կեսից ավելին հրազենային վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում:
Իշխանությունների տեղեկություններով՝ բախումների հետևանքով զոհվել է 19 մարդ, նրանց թվում՝ իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության 5 աշխատակից:
Չիլիի նախագահը երկրում չդադարող բողոքի ցույցերի ֆոնին փոխել է կառավարության առանցքային նախարարներին, նրանց թվում՝ ՆԳ նախարարին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի ուղեվարձը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Ցուցարարները պահանջում են նաև իրենց կենսապայմանների բարելավում, աշխատավարձերի բարձրացում:
Խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա: