Մուշի պատմական Սուրբ Մարինե հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է: Քաղաքի հնագույններից համարվող Հայկական թաղամասում գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, տանիքն ընդհանրապես գոյություն չունի:
Եկեղեցին Թուրքիայում Մուշի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչության կայքում ներառված է պետության կողմից պաշտպանվող տարածքների ցանկում:
Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ-ին ներառվել էին քաղաքաշինության ծրագրում: 2013-ին մեկնարկեց այդ ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:
Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնության գալ, իսկ մյուսների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել էր լուծել տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչել էր հանրային գերակա շահ, դրանք քանդվել էին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել:
Հակընդդեմ հայցի արդյունքում դատարանը որոշեց «կանխարգելիչ միջոց» սահմանել և արգելել եկեղեցու տարածքում որևէ շինարարական աշխատանքի իրականացումը: