ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պրոկոպիոս Պավլոպուլոսը նաև շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի. եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից՝ բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, որոնք թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ՝ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հունաստանի նախագահը:
Այնուհետև Պրոկոպիոս Պավլոպուլոսը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի է տնկել:
Նշենք, որ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: