Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը:
«Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն: Մեր ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն: Ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ մեծ դժբախտություններ, շատ հաճախ՝ միասին: Ձեր այցելությունն այսօր Հայաստանի Հանրապետություն նաև պատմական է, քանի որ մենք ոտք ենք դնում նոր՝ 21-րդ դար: Աշխարհը փոփոխվում է և փոփոխվում է շատ արագ, սակայն, այն ժողովուրդները, որոնք ունեն համատեղ աշխատելու, պայքարելու և՛ պատմություն, և՛ ցանկություն, հանդես են գալու որպես հաջողակ երկրներ և դժվարին պայմաններում, անընդհատ փոփոխվող իրավիճակներում կարողանալու են գտնել ճիշտ որոշումներն ու ճիշտ լուծումները»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
«Երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ամուր են և խորը: Մենք ունենք հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց ունենք նաև ընդհանուր ցավ: Մենք բավականին լավ գիտենք և գիտակցում ենք անկախության ու ժողովրդավարության արժեքը և Ցեղասպանության ճանաչման համար պայքարի կարևորությունը»,- ասել է Հունաստանի նախագահը: