ԵՄ-ն կշարունակի կատարել Փարիզի կլիմայական համաձայնագիրով սահմանված իր պարտավորությունները նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան։
«Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր է, որն անհրաժեշտ է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհն ու ԵՄ-ն պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»:
Այս պարագայում ԱՄՆ-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
«ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ կերպով աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,- ասել է Անդրեևան:
Նախօրեին ԱՄՆ-ը գործարկել է Փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման գործընթացը: Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում էր մինչև 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 26-28 տոկոսով: