Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանում միջուկային էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազման մասին:
«Այսօր ես ցանկանում եմ հայտնել Իրանի կողմից միջուկային համաձայնագրից հրաժարման հերթական` չորրորդ փուլի մեկնարկի մասին: Այս մասին մենք նախապես տեղեկացրել էինք մեր արտասահմանցի գործընկերներին, և մեր հետագա քայլերը դիտարկվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»:
Իրանի նախագահը նշել է, որ նոյեմբերի 6-ին Թեհրանից հարավ գտնվող միջուկային կենտրոնում տեղադրված 1044 ցենտրիֆուգները միացվելու են գազամատակարարման համակարգին:
2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պարտավորությունները նվազեցնելու վերաբերյալ Թեհրանի որոշման մասին պարզ դարձավ նախօրեին, երբ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ իրանցի գիտնականները մոտ ժամանակում 30 նոր ցենտրիֆուգ կստեղծեն: