Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստակհոլմում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:
Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն ընդգծել են, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:
Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատաիրավական բարեփոխումներին:
Այդ գործընթացներում ԱԳ նախարար Մնացականյանը մեծապես արժևորել է Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:
Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է կանանց և երիտասարդության լայն ներգրավումը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի շրջանակում:
Զոհրաբ Մնացականյանն Ան Լինդեին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը: