Հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը մասնակցել է Շարժայում ընթացող գրքի տոնավաճառին։
Թուրք գրողի հետ ԱՄԷ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև Շարժայի շեյխ Սուլթան բեն Մոհամմադ ալ-Կասիմին։
Հանդիպման ընթացքում Փամուկը պատմել է, որ հայրենիքում հետապնդումների է ենթարկվում ազգայնականների կողմից իր՝ «Թուրքիայում սպանվել են 30 հազար քուրդ և մեկ միլիոն հայ» արտահայտության համար։ Նա ասել է, որ իրեն խիզախ չի համարում, այլ ասում է այն, ինչ մտածում է։
«Ես ապրում եմ աշխարհի այնպիսի մասում, որտեղ շատ գրողներ իրենց հայացքների համար բանտերում են։ Այնպես, որ՝ ես երջանիկ գրող եմ. ասել ճշմարտությունը, այն ամենն է, ինչ կարող եմ»։
Իսկ հարցին, թե ինչու է գրում, թուրք հեղինակը պատասխանել է․ «Գրում եմ, որովհետև չեմ կարող սովորական աշխատանք կատարել, ինչպես մյուս մարդիկ, գրում եմ, քանի որ բարկացած եմ բոլորի վրա, գրում եմ, որովհետև վախենում եմ մոռացված լինել, գրում եմ, քանի որ հավատում եմ գրադարանների անմահությանը, գրում եմ, որովհետև ինձ երբեք երջանիկ չեմ զգացել, գրում եմ, որպեսզի երջանիկ լինեմ»։