Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի Հայոց Պատրիարքարան էր ուղարկել Պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:
85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը, սակայն, կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը, որոշ եկեղեցականներից բացի, որոշակի դժգոհություն էր ստեղծել պոլսահայ համայնքում:
Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել կանոնադրության առնչությամբ՝ հայտնում է Ermenihaber-ը:
Խումբն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Պատրիարքի տեղապահ Սահակ սրբազան Մաշալյանին, Հոգևոր խորհրդի ղեկավար Արամ Աթեշյանին և Նախաձեռնարկ մարմնի անդամներին ուղղված իրենց կոչերը՝ բողոքարկելու կանոնադրության խնդրահարույց կետերը, որևէ արդյունք չեն տվել:
«Բոլորը շարունակեցին մտածել, որ մեր ապագան վտանգելու գնով փրկում են ներկան: Բոլորն ընդունում են, որ այս կանոնադրությունը խնդրահարույց է, սակայն բոլորն էլ պարտվում են աշխարհիկ թուլություններին: Որպեսզի կարողանանք նայել գալիք սերունդների աչքերի մեջ և նրանց ավելի հուսալի ապագա թողնել, իրավական գործընթաց ենք սկսել կանոնադրության և ընտրական գործընթացի դադարեցման համար»,- նշվել է հայտարարության մեջ: