Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին:
Որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին, մասնավորապես՝ բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը, շեշտադրելով, որ այն բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:
Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նա համոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը:
Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ: