ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ խոսնակն արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում և ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարևոր տեղ է հատկացնում միջխորհրդարանական համագործակցությանը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը արժևորում է համագործակցության զարգացումը նաև միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգացման և կատարելագործման համար` վստահություն հայտնելով, որ երկու երկրները կշարունակեն ջանքեր գործադրել` խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:
Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երևան, տպավորված է ջերմ ընդունելությամբ և ցանկանում է շրջել Երևանում՝ ծանոթանալով տեսարժան վայրերին:
Ղազախստանի խորհրդարանի նախագահը նաև ասել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում և կարևորել է ինչպես պաշտոնական ձևաչափով համագործակցությունը, այնպես էլ` միջանձնային:
Նուրլան Նիգմատուլինը վերահաստատել է նախկինում արած հրավերը և Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան: