Սահմանադրական կարգի տապալման՝ «Մարտի 1»-ի անջատված գործով նիստն այսօր ժամանակ առ ժամանակ անցնում էր լարված մթնոլորտում: Հենց նիստի մեկնարկին Քոչարյանի աջակիցների և նրա դեմ հանդես եկողների միջև վիճաբանություն արձանագրվեց: Կարգադրիչները երկու կողմից հանդես եկող քաղաքացիներին էլ հեռացրին դահլիճից:
Քոչարյանի պաշտպանական խումբը հանդես եկավ հերթական միջնորդությամբ՝ ամբաստանյալի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ: Մեղադրողները առարկեցին՝ պնդելով, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը կխոչընդոտի քննությանը և կխուսափի արդարադատությունից:
«Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկելով պաշտպանների միջնորդությանը՝ որոշ հանգամանքներ ներկայացրեց քրեական գործի մանրամասներից և որակումներ տվեց Քոչարյանի վարքագծին: Այս հանգամանքը դուր չեկավ պաշտպանական կողմին: Քոչարյանի փաստաբանները ընդհատեցին Սաֆարյանին և ներկայացրին առարկություններ, եղավ նաև վիճաբանություն: