«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք ուղղություններին: Առաջին հերթին ներքաղաքական կոորդինացիան է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը գոհունակություն հայտնեց, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշեց, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում: