Հայկական գինին առանձնանում է որակական հատկանիշներով. կրկին Հայաստանի, մասնավորապես՝ հայկական գինուն է անդրադարձել Forbes պարբերականը:
Սա Հայաստանի մասին Թոմ Մյուլլենի արդեն երկրորդ հոդվածն էր այսօր: Հոդվածագիրը հիացած է հայկական գինով և գինեգործության ոլորտում փայլուն ապագա է գուշակում: Խոսելով վերջին հինգ տարիների մասին, որի ընթացքում տեղի են ունեցել քառօրյա պատերազմն ու թավշյա հեղափոխությունը, Թոմ Մյուլլենը գրում է, որ հեղափոխություն է տեղի ունեցել նաև գինեգործության ու գինու մշակույթում:
Forbes-ն անդրադարձել է Հայաստանում գինեգործության պատմությանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում հայտնաբերված և 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործարանին, որն ամենահինն է ամբողջ աշխարհում:
Պարբերականն անդրադարձել է խորհրդային տարիներին գինեգործության դերի նվազմանն ու որակյալ կոնյակի արտադրության աճին: Ըստ հոդվածագրի՝ այդ տարիներին գինու բոլոր գործարանները պատկանել են կառավարությանը: Ոչնչացվել են խաղողի շատ այգիներ և know-how-ների հանդեպ շահագրգռվածություն չի եղել:
Այսօր, սակայն, հայ գինեգործներն ավելի միասնական են դարձել այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը գինեգործությունը ճանաչել է Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային ճյուղ:
Forbes-ի հավաստմամբ՝ շատ են այս ոլորտում արտասահմանյան ներդրումները: Առաջիկա երկու տարիների համար ակնկալվում է միլիոնավոր դոլարների ներդրում: