Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ վերոնշյալի վերաբերյալ Մանվել Գրիգորյանի գրությունը հրապարակել է նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Մանվել Գրիգորյանն այսօր կրկին ներկա չէ նիստին առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ։ Նազիկ Ամիրյանը դատարանում է։