Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` թույլ են տվել ապօրինություններ։
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների` նրանք 2012-2013 թվականներին կազմակերպել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանած ընդհանուր 6000 մ երկարությամբ, 1420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի օտարման գործընթացը, որի շրջանակներում կազմել ու ներկայացրել են գույքի գնահատման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ամփոփ տեղեկանք։
Դրա արդյունքում փաստացի շուրջ 2086 տոննա խողովակաշարը ձևակերպվել է որպես 1680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։