Մի քանի օր առաջ Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ 2 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոնֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, «Էլնոր» բուսասերուցքային սփրեդ, թթվասեր (6 հատ), յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ (2 հատ), տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «Բժշկական», պանիր սուլուգունի):
Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր: