Իրաքի Քարբալա քաղաքում ցույց է կազմակերպվել Իրանի հյուպատոսության շենքի մոտ, իսկ մի քանի ակտիվիստ փորձել են գրոհել շենքը, հանել իրանական դրոշը, փոխարենը տեղադրել իրաքյանը, քարեր են նետել դիվանագետների կայանած մեքենաների վրա, հրկիզել դրանք:
Ցուցարարներին ցրելու գործողության ժամանակ 5 մարդ է զոհվել: Հակակառավարական ակցիաները շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում: Այստեղ ցուցարարները փակել են մայրաքաղաք մտնող գլխավոր ճանապարհները, իսկ իրավապահները չեն միջամտել նրանց գործողություններին:
Հոկտեմբերին սկսված ցույցերի ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով զոհվել է 250-ից ավելի քաղաքացի: Անցյալ շաբաթ էլ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել էր, որ վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հրաժարական կտա, եթե կուսակցությունները համաձայնության գան նրան փոխարինելու հարցում: