BBC լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 40 տարի առաջ՝ նոյեմբերի 4-ին, Իրանի Իսլամական հեղափոխությունից և Այաթոլլա Խոմեյնիի իշխանության գալուց անմիջապես հետո իրանցի մի քանի հարյուր արմատական ուսանողներ ներխուժեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան շենք և պատանդ վերցրին 66 աշխատակցի:
Ուսանողները պահանջեցին, որ Միացյալ Նահանգները իրենց հանձնի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին, որը 1979-ի հեղաշրջումից հետո մեկնել էր բուժման Նյու Յորք: Միացյալ Նահանգները հրաժարվեց հանձնել շահին, ինչպես նաև ռազմական գործողություններ իրականացնելուց՝ սահմանափակվելով Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ: Շահը չվերադարձավ հայրենիք և հաջորդ տարի մահացավ Կահիրեում:
Նոյեմբերի 19-20-ը ազատ արձակվեց 13 պատանդ (կին և սևամորթ), ևս մեկը ծանր հիվանդության պատճառով ազատ արձակվեց 1980-ի հուլիսի 11-ին: Մնացած 52 պատանդներն ազատ արձակվեցին 444 օր հետո՝ 1981-ին: Հակամարտությունը կարգավորելու անկարողությունը բացասաբար անդրադարձավ դեմոկրատական նախագահ Ջիմմի Քարթերի վարկանիշի վրա, որը հաջորդ ընտրությանը պարտվեց հանրապետական Ռոնալդ Ռեյգանին: Իրանը համաձայնեց ազատել ամերիկացի պատանդներին Ռեյգանի երդմնակալության օրը: