Իրազեկիչը, որը հաղորդել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա, նրա հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, առաջարկել է գրավոր պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին:
Ըստ New York Times-ի, իրավաբանները կարծում են, որ այս քայլը կօգնի կանխելու հանրապետականների գրոհները և ցույց տալ, որ իրենց պաշտպանյալը չի համագործակցում դեմոկրատների հետ, որոնք սկսել են նախագահի իմփիչմենթի գործընթացը: Հայտնի է, որ իրազեկիչը ԿՀՎ աշխատակից է, բայց նրա ինքնությունը գաղտնի է պահվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հանրապետականները, սակայն, մերժել են առաջարկը՝ բացատրելով, որ գրավոր պատասխանների ձևաչափը կոնգրեսականներին զրկում է խաչաձև հարցեր ուղղելու և գործի բոլոր փաստերն ուսումնասիրելու հնարավորությունից: Հանրապետականները պնդում են, որ ԿՀՎ պաշտոնյան այսպիսի մեծ քաղաքական սկանդալ է առաջացրել, որ պետք է բացատրության տա բաց դատական նիստի ընթացքում: